ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի «անհամաչափ պատասխանը». սա է այսօրվա թիվ մեկ հարցը

Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի «անհամաչափ պատասխանը». սա է այսօրվա թիվ մեկ հարցը
02.06.2025 | 14:12

Միացյալ Նահանգները ծանուցել է եվրոպացի դաշնակիցներին, որ Ռուսաստանը «անհամաչափ պատասխան» է պատրաստում ավիաբազաների վրա հարձակմանը: Եվ ցավալին այն է, որ հավանաբար դա տեղի կունենա Ստամբուլի բանակցություններին զուգահեռ: Հետաքրքիր է նաև այն, որ Սպիտակ տունը պաշտոնապես հայտարարեց, թե տեղեկացված չեն եղել այդ ռազմական գործողության մասին: Պարզ է նաև, որ այս յուրահատուկ ռազմական գործողությունը, երբ բեռնատարներով դրոնները տեղափոխում են թիկունք և տիեզերական կապով գործողության մեջ դնում, իրականացվել է երկու-երեք եվրոպական երկրների հատուկ-հետախուզական ծառայությունների կողմից՝ բրիտանականի ղեկավարությամբ: Հավանաբար ռազմական փորձագետները մոտ ժամանակներում կտան դրա գնահատականը:

Ի՞նչ հետևություններ կարելի է անել:

Այն, որ ամերիկյան կողմը տեղյակ չի եղել՝ կասկած չի հարուցում: Փաստորեն, կրկին համոզվում ենք, որ Հավաքական Արևմուտք բևեռն արդեն երկատված է: Վաշինգտոնը ձգտում է հասնել խաղաղության, Բրյուսելը, Լոնդոնի հետ, խրախուսում է Ուկրաինային պատերազմը շարունակելու հարցում: Փաստորեն, ստացվում է ռուսական «անհամաչափ պատասխանի», որն Աստված չանի վերածվի միջուկային հարվածի, շահառուներ կան: Թուրքիայի առաջնորդ Էրդողանը իսկապես նպաստում և օժանդակում է զինադադարին, իսկ «ժողովրդավարների» կաբինետներում ծնվում և իրականացվում են ռազմական չտեսնված գործողություններ՝ սառն ու անտարբեր դիտելով արյունահեղ տեսարանները:

Վերջերս պատահաբար դիտեցի մի տեսանյութ, որտեղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Պաղեստինի ներկայացուցիչը ելույթի ժամանակ սկսեց արտասվել, երբ ներկայացնում էր արաբ երեխաների զանգվածային սպանդը: Ներկաներից ոչ մեկի դեմքի արտահայտությունը չփոխվեց, նայում էին սառն ու անտարբեր հայացքով: Նույն հայացքն ունեին եզդիների ցեղասպանության օրերին և նաև՝ ուկրաինական արյունահեղության այս օրերին: Հիշեցի նաև մեր արևմտասերների եռանդը, երբ արցախյան գողգոթայի ժամանակ ՄԱԿ-ին դիմելու կոչեր էին անում:

Ի՞նչ նոր աղետներ կբերի Մոսկվայի անհամաչափ պատասխանը՝ սա է այսօրվա թիվ մեկ հարցը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2905

Մեկնաբանություններ